8 фев. 2019 г.

Выставка "Верадардз" в Армении

Այս անգամ Աստղիկ Հակոբյանի եւ Նելլի Դանիելյանի աշխատանքները «կշրջեն» նաեւ մարզերում

Այս անգամ Աստղիկ Հակոբյանի եւ Նելլի Դանիելյանի աշխատանքները «կշրջեն» նաեւ մարզերում Մոսկվաբնակ արվեստագետներ, Հայաստանի, Ռուսաստանի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Նելլի Դանիելյանը եւ Ռուսաստանի ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միության անդամ Աստղիկ Հակոբյանը երկարատեւ ընդմիջումից հետո երեք տարի առաջ համատեղ բարեգործական ցուցահանդեսով ներկայացան Երեւանում: Շուրջ 60 աշխատանք էլ նվիրեցին «Բարի կամք» նախաձեռնության խմբին: Աստղիկ Հակոբյանը, որն արդեն 30 տարի ապրում ու ստեղծագործում է Մոսկվայում, իսկ Նելլի Դանիելյանը՝ 17, հաճախ են «դուետով» հանդես գալիս Ռուսաստանի եւ Եվրոպայի քաղաքներում: Արվեստագետներն այս անգամ ծավալուն ծրագրով են հայրենիքում: Նրանց աշխատանքներն առաջին անգամ կցուցադրվեն ոչ միայն Երեւանում, այլեւ Գորիսում, Սիսիանում, Վանաձորում, Գյումրիում, Ծաղկաձորում եւ Օշականում:

Նկարիչների կտավների առաջին ցուցադրությունը կկայանա հուլիսի 1-ին, Հայաստանի բնության պետական թանգարանում: «Առավոտի» հետ զրույցում արվեստագետները նախ հիշեցին երեւանյան իրենց նախորդ ցուցահանդեսները, այդ թվում՝ 2015-ին Աստղիկ Հակոբյանի «Իմ հայ ժողովուրդ» խորագիրը կրող ցուցադրությունը՝ նվիրված Եղեռնի 100-ամյա տարելիցին, ապա Նելլի Դանիելյանի հետ համատեղ՝ «Եռագույնը իմն է» թեմատիկ միջոցառումը, եւ այլն: Այս այցին էլ «դուետն» իր գործերի ցուցադրության համար ընտրել է վերջին շրջանում մոդայիկ դարձած «Վերադարձ» խորագիրը: Մի դիտարկում. մեզանում ավանդաբար անցկացվող նույնանուն խորագրով երաժշտական միջազգային փառատոնի արդյունքում դեռեւս այդպես էլ չգտնվեց մի որեւէ երաժիշտ, որ վերադառնա, ապրի ու շարունակի ստեղծագործել հայրենիքում: Այս առիթով մեր զրուցակիցները հայտնեցին ընդամենը, թե «Վերադարձը» իրենց հոգու կանչն է, որ երբեւիցե վերադառնան հայրենիք… Հետաքրքրվելով նկարիչների ներկայացնելիք գործերի թեմաներից, Նելլի Դանիելյանն (նա դասավանդում է Մոսկվայի դպրոցներից մեկում նկարչություն եւ արվեստի պատմություն) ասաց, որ Հայաստանում ինքն առաջին անգամ կցուցադրի զուտ հոգեւոր թեմայով ստեղծագործությունները: Հետո տեղեկացրեց. «Օրինակ՝ սրբանկարչության գեղագիտությունը, որ կազմավորվել է Բյուզանդիայում պատկերամարտության դեմ պայքարում (8-9-րդ դարեր), պահանջում էր «աստվածայինի», գերզգայական բովանդակության մարմնավորումը տեսանելի, զգայորեն ընկալելի կերպարներով: Սակայն այդ կերպարները պետք է զուրկ լինեին իրենց նյութական կոնկրետությունից, քանի որ ըստ եկեղեցականների՝ «երկնայինի» գեղեցկությունը կարող է հաղորդել իրական աշխարհի առարկայական ձեւերի կատարյալ, վեհ, հոգեւոր էությունը միայն…»,- ասաց տիկին Դանիելյանը: Ռեպլիկին, թե՝ միայն չասեք, որ ձեր՝ նման աշխատանքները վաճառքի կամ աճուրդի չեք հանում, նկարիչը հավաստիացրեց, թե սիրում է նվիրել եւ փաստեց, որ կոնկրետ Ռուսաստանում նկարիչների գործերի վաճառքը՝ կապված ֆինանսական ճգնաժամի հետ, կարճ ասած՝ վատ է: Աստղիկ Հակոբյանն էլ չուշացրեց իր խոսքը, ասաց, որ սիրում է նվիրել, բայցեւայնպես հավելեց. «Երբ կտավդ վաճառվում է, առաջին հերթին գոհանում ես այն երեւույթով, որ գնորդը չի ափսոսում իր գումարը ու բարեհաճ տրամադրում է»:
Երեւանյան նախորդ ցուցահանդեսներից այցելուների մի ստվար հատվածի գրավել էին Աստղիկ Հակոբյանի հատկապես դիմանկարները: Մեզ հայտնի է, որ նկարիչը ժամանակին դիմանկարների նվիրատվություն է արել Ալբերտ Ազարյանին ու Վիգեն Ստեփանյանին, հետաքրքրվեցինք՝ գուցե այս անգամ էլ հայաստանցի որեւէ հայտնի արվեստագետի նման անակնկալ է սպասվում, տիկին Հակոբյանը կարճ ու կոնկրետ պատասխանեց. «Իհարկե, սպասվում է իմ սիրելի դերասան Ռաֆայել Քոթանջյանին»: Զրույցի ընթացքում պարզեցինք, որ Նելլի Դանիելյանը նաեւ ֆիտոկոլաժիստների միջազգային ասոցիացիայի համանախագահն է (այս արվեստի հենքը ներկն է՝ յուղաներկ, գուաշ…, որը լրացվում է չորացրած տերեւներով, ճյուղերով…): Ֆիտոկոլաժիստը խոստացավ հետագայում ներկայանալ նաեւ արվեստի այս տեսակով: ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ Լուսանկարներում՝ Աստղիկ Հակոբյան՝ «Ռաֆայել Քոթանջյան» եւ Նելլի Դանիելյանի «Նոյյան տապանը»:


© 1998 - 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից